21/04/2020 12:20
ՀՀ վերադառնալ ցանկացող քաղաքացիները պետք է հետևեն ՀՀ դիվանագիտության ներկայացուցչությունների խորհուրդներին, այլ միջամտություններն արդյունավետ չեն. Ադոնց
Մարտի 14-ից մինչ այսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի, երկրների աշխարհագրությունը բավական լայն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
«Եթե ինչ-ինչ պատճառով թռիչքը հետաձգվում է, մեր դիվանագիտության ներկայացուցիչները փորձում են ամեն ինչ անել, որ այդ շրջանն ավելի դյուրին անցնի քաղաքացիների համար», - ասաց Ավետ Ադոնցը։
Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ փոխնախարարը հորդորեց այդ գործընթացներում ղեկավարվել ՀՀ դիվանագիտության ներկայացուցչությունների, հյուպատոսությունների խորհուրդներով։
«Որևէ այլ միջամտություն այս գործընթացում չի կարող լինել ավելի արդյունավետ, քան ՀՀ դիվանագիտության ներկայացուցիչներն է», - ասաց Ադոնցը։