21/04/2020 15:56
Լավրովի հայտարարություններից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարը պետք է հրաժարական տա. Բեքարյան
ՀՀ ռազմավարական գործընկեր, դաշնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը (նշելով նաև՝ առաջին փուլերի ակնկալիքը) և դրա շուրջ համաձայնությունը քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու ճանապարհին:
«Եթե ՌԴ արտգործնախարարի ասածը չի համապատասխանում իրականությանը, ապա սա ուղղակի ցուցիչ է՝ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների լիակատար տապալման, քանի որ ապատեղեկատվական դիվերսիան երբևէ առանց պատճառի չի կազմակերպվում: Եթե ՌԴ արտգործնախարարի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա գործ ունենք Հայաստանի և Արցախի ազգային, պետական շահերի տապալման և սեփական հանրությանը հետևողականորեն ստելու հետ», - Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ արտգործնախարարը պետք է հրաժարական տա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից:
«Եթե արտգործնախարարը չի հեռանում կամ հեռացվում, դա կնշանակի, որ այս ամենի ուղղակի պատասխանատուն վարչապետն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...», - նշել է Բեքարյանը։