21/04/2020 13:45
Ի՞նչ է նշանակում թավշյա և ոչ թավշյա. կա օրինական և անօրինական գործունեություն. Ռուբեն Բաբայանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Ես որևէ հիասթափություն չեմ ապրում, որովհետև երբեք ոգևորություն չեմ ապրում: Հիասթափություն ապրում են նրանք, ովքեր մեծ ոգևորություն են ապրել, մեծ հույսեր կապել: Կարծում եմ՝ վարչապետի երեկվա ելույթում ամեն ինչ մի փոքր ավելի պարզունակ էր նկարագրված, և իրականում շատ ավելի խոր հարցեր կան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնաի երեկվա ուղիղ եթերին:
«Երբ, օրինակ, գործադիրի ղեկավարը խոսում էր եվրոպամետների և ռուսամետների մասին, ես ևս մեկ անգամ ինձ համար փաստեցի, որ ինձ համարում եմ ոչ թե եվրոպամետ, այլ հենց եվրոպացի: Ես համարում եմ, որ Հայաստանը Եվրոպա է, հայկական մշակույթը՝ եվրոպական մշակույթ, որ հայ ժողովուրդը եվրոպական արժեքների կրող է, որովհետև եվրոպական արժեքները գալիս են քրիստոնեական արժեքներից: Ես այստեղ հակասություն չեմ տեսնում, ավելին՝ հակասություն չեմ տեսնում եվրոպամետության և ռուսամետության միջև: Ես ունեմ բազմաթիվ ռուս ընկերներ, որոնք իրենց ևս եվրոպացի են համարում: Եվ ոչ միայն իրենք են այդպես համարում, այլ՝ հենց Եվրոպան: Դրա համար էլ այս տարանջատումն ինձ մի փոքր արհեսատական է թվում», - ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով որոշ շրջանակների կոչերին, որ իշանությունը պետք է վերջ դնի «թավշյա» կառավարմանը և անցի ավելի կոշտ մեթոդների՝ Ռուբեն Բաբայանը նկատեց, որ սա ևս իր համար անհասկանալի պահանջ է:
«Ի՞նչ է նշանակում թավշյա և ոչ թավշյա: Կա օրինական և կա անօրինական գործունեություն: Իսկ ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանը չափից ավելի է ուշադրություն դարձնում ֆեյսբուքյան ակտիվությանը: Ժողովուրդը շատ ավելի լայն զանգված է, և, վերջիվերջո, մեր երկրում թշնամիներ չկան: Մարդիկ պարզապես ունեն տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ, և եթե որևէ մեկը դժգոհ է ներկա իրավիճակից, դա չի նշանակում, որ նա ցանկանում է նախկին կարգերի վերադարձը կամ համարում է, որ իրեն համապատասխան պաշտոն չի տրվել: Բացարձակապես այդպես չէ», - ընդգծեց արվեստագետը:
Ինչ վերաբերում է մշակույթի ոլորտին, Ռուբեն Բաբայանի խոսքով՝ ինքը շատ դժգոհ է մշակույթի ոլորտի հանդեպ վարվող քաղաքականությունից, իշխանությունները վաղուց չեն էլ խոսում այս թեմայի շուրջ:
«Օրենսդրական առումով որևէ բան տեղի չի ունենում, ազատ արվեստագետներին և մշակույթի զարգացմանը տեղ չի տրվում, բայց դա չի նշանակում, որ ես չեմ ստացել պաշտոն, որին ձգտել եմ: Ընդհանուր առմամբ, դժգոհությունը վատ բան չէ, այն առաջընթաց է ապահովվում: Եթե մարդկությունը գոհ լիներ իր վիճակից, մինչև հիմա կշարունակեր ծառերի վրա ապրել: Դժգոհությունը խթան է, այն բացասական երևույթ չէ: Վերջիվերջո, հեղափոխությունը ևս տեղի ունեցավ դժգոհության արդյունքում: Մարդիկ ուզում են գնալ առաջ, և դրա մեջ վատ բան չկա: Դժգոհությունը բացասական է, եթե սահմանափակվում է միայն բամբասանքով, բայց այս ամենի վրա չպետք է կենտրոնանալ. սա և ուշադրություն, և ուժեր է խլում: Պետք է առաջ շարժվել», - ամփոփեց խոսքը Ռուբեն Բաբայանը: