21/04/2020 15:32
Լավրով. ԼՂ խնդրի փուլային լուծման փաստաթղթերն ակտիվ քննարկվում են. մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում
Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվ քննարկվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ «Գորչակով» հիմնադրամում անցկացվող առցանց կլոր սեղանի ժամանակ:
«Կան Մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք Ռուսաստանի կողմից պատրաստվել են 2010-2011 թվականներին, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ներկայացվել են նախագծեր, որոնք այժմ ակտիվ քննարկվում են», - ասել է ՌԴ արտգործնախարարը:
Նա նշել է, որ այդ փաստաթղթերը ենթադրում են «կարգավորման հասնել փուլային մոտեցմամբ՝ առաջին փուլում ապահովելով առավել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»:
Ռուսաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ դրանց ստորագրումը կլինի լուրջ քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում:
«Համոզված եմ, որ երբ մենք որոշում կայացնենք այդ փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ, սա կլինի վճռական քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու համար, որոնք, կրկնում եմ ևս մեկ անգամ, պահանջում են վերջ դնել պատերազմին և սկսել պայմանավորվել», - ընդգծել է Լավրովը:
«Պայմանավորվել սկսել էինք, այժմ էլ պետք է պայմանավորվենք: Սա հենց այն է, ինչ մենք փնտրում ենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ», - ընդգծել է նախարարը:
Բացի այդ, Լավրովը լավ և օգտակար է համարել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Հենց դրանում է մարմնավորվել Անվտանգության խորհրդի պահանջը, որ անհրաժեշտ է պատերազմին վերջ տալ և սկսել պայմանավորվել», - ավելացրել է նա: