21/04/2020 17:06
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 39-ի. Վարդենիս մուտքն ու ելքն արգելվում է
Գեղարքունիքի մարզում կա կորոնավիրուսի 39 դեպք, հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։
«Հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ և այս պահի դրությամբ ունենք 39 հաստատված դեպք՝
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում և կիրառվելու են սահմանափակումներ։
Որոշման համաձայն՝ համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։
Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում ապրիլի 22-ին՝ ժամը 08:00-ից, մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը՝ 23:59-ը։
Հավելեմ նաև, որ մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17-ին՝ «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի աշխատակցի մոտ. այդ օրվանից չի գործում բուժհաստատությունը։
Այսօրվանից սահմանափակվում է նաև «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատանքները։ Գործում է միայն շտապ օգնության ծառայությունը և հրատապ, անհետաձգելի բուժսպասարկում է իրականացվում։ Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի դրական արդյունք է գրանցվել։
Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, նրանց մի մասն ինքնամեկուսացված է, մի մասը՝ մեկուսացված:
Ձեր և բոլորի առողջության և անվտանգությունից ելնելով կոչ եմ անում՝
• մնացե՛ք տանը,
• սահմանափակե՛ք շփումները,
• հետևե՛ք անձնական հիգիենային,
• հաճախակի լվացե՛ք ձեռքերն օճառով առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես՝ սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
• հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
• շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն 1 մետր հեռավորություն,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե՛լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
• պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
• խուճապի մի՛ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Իմ խնդրանք-հորդորն է ձեզ, այս օրերին հատկապես, հետևել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել ապատեղեկատվություն պարունակող կայքերի հրապարակումներին, զերծ մնալ չփաստարկված հայտարարություններ և բամբասանքներ տարածելուց։ Խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։ Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության և առողջության։
Կոչ եմ անում նաև չթիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը և խնդրում դադարեցնել Վարդենիսում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ վերաբերյալ քննարկումները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետը։