22/04/2020 14:14
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված ԲՀԿ նախագծին
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծին։
Նախագծի նպատակը կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքների, կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելն է, հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու հետևանքով տույժերի տեսքով գոյացող հարկային բեռի նվազեցումը և չկատարված հարկային պարտավորությունների մինչև որոշակի շեմը այդ պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման գործիքի չկիրառումը:
Նախագծով առաջարկվում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով: Ընդ որում, մինչև օրենքն ուժի մեջ մտնելը սկսված տույժերի հաշվարկը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո շարունակվելու է 0.04 տոկոսի չափով, մինչև դրանց հաշվարկման համար 730 օրը լրանալը:
Արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները: