22/04/2020 12:22
Վարչապետ Փաշինյանն ինքը պետք է անդրադառնա Լավրովի հայտարարությանը. Էդմոն Մարուքյան
Հարց է առաջանում՝ ո՞ր երկրի արտաքին գործերի նախարարին հավատալ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտութան կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը և դրան հետևած ՀՀ ԱԳ նախարարի հերքմանը:
«Ես հավատում եմ ՀՀ արտգործնախարարին:Կարծում եմ՝ ՀՀ արտգործնախարարությունը պետք է պարզաբանումներ պահանջի ՌԴ ԱԳՆ-ից, ավելին՝ կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանն ինքը պետք է անդրադառնա այս թեմային, քանի որ սա շատ շահարկվող հարց է: Այն ամենահստակ ձևով պետք է պարզաբանվի: Հայաստանում չեմ պատկերացնում իշխանություն, որը կարող է գնալ այնպիսի զիջումների, որոնք ներկայացված են այդ փաստաթղթի շրջանակում», - ասաց պատգամավորը:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ակտիվ քննարկվում են անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումները։
Խոսքը, նրա պնդմամբ, հակամարտության փուլային կարգավորման մասին է, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում:
Ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարը պնդել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով․ միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու։