22/04/2020 13:40
Վարչապետը հասկանում է, որ երկիրը կանգնած է բավական ծանր փորձության առջև, և դա ամենևին էլ համաճարակը չէ. մարդիկ հաց են ուզելու. Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու օրերի ուղիղ եթերները, որոնք վերաբերում էին հիասթափվածներին, բավական հետաքրքիր է այն առումով, թե ինչու հանկարծ այսպիսի թեմա հայտնվեց վարչապետի մոտ։
«Ինձ համար հետաքրքիրը հենց դա է, թե ինչու վարչապետը հանկարծ սկսեց խոսել հասարակության այն շերտերի մասին, որոնք, ըստ իր բնորոշման, հիասթափված են այսօրվա իշխանություններից։ Մոտ երկու տարի նման բաների մասին վարչապետը գերադասում էր ընդհանրապես չխոսել, և ամեն ինչ էյֆորիկ տոնայնության մեջ էր։ Համարվում էր, որ նոր իշխանության օրոք ոչ ոք չի դժգոհում, բոլորը ցնծության մեջ են, թերևս միակ դժգոհողները և հակահեղափոխականները «սևերն» էին։ Հիմա տեսնում ենք, որ այդ շերտը վարչապետի ներկայացմամբ բավականին լայնացել է և սա նորություն է» , - Aysor.am-ի հետ ասաց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է մամուլին թիրախավորելուն, քաղտեխնոլոգն ասաց, որ դա նոր թեմա չի Փաշինյանի մոտ.
«Փաշինյանը պարբերաբար մամուլին անդրադառնում է՝ ներկայացնելով որպես ծախու, սպասարկող մի ոլորտ, որը գումարով սպասարկում է իր տերերին։ Սովորաբար որպես տեր ներկայացվում են նախկին իշխանության նախկին թևերը։ Փաշինյանի քաղաքական խաղացանկում միշտ կա մեղավորի կերպարը, թշնամու կերպարը, ով մեղավոր է բոլոր անհաջողությունների մեջ։ Դրանք մեկ սևերն են, մեկ՝ նախկին օլիգարխնարը, որոնք հիմա գոյություն չունեն, պետական ապարատը, որն ըստ Փաշինյանի՝ դիմադրում է, մամուլը միշտ կա ու կա»։
Վիգեն Հակոբյանի բնորոշմամբ՝ Փաշինյանն ընդհանուր առմամբ ներկայացրել է, թե ովքեր են հիասթափված, և քանի որ այդ շերտն ավելի է ընդլայնվում, քաղտեխնոլոգին ավելի շատ հետաքրքիր է, թե ովքեր հիասթափված չեն.
«Կարծում եմ, որ որոշակի «տրանսֆորմացիա» է տեղի ունեցել Փաշինյանի տրամադրվածության մեջ, գուցե՝ իրավիճակը գնահատելու մեջ։ Նա նկատել է, որ խնդիրներ ունի թե՛ իշխանական թիմում, թե նաև հասկանում է, որ երկիրը կանգնած է բավական ծանր փորձության առջև, և դա ամենևին էլ համաճարակը չէ։ Դա իրական խնդիրն է՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամը և մարդիկ այլևս հաց են ուզելու։ Վարչապետը սկսել է հասկանալ, որ այս իրավիճակից քիչ թե շատ բարեհաջող դուրս գալու ռեսուրսները սակավ են»։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ անընդունելի է վիրավորելն այս կամ այն խավին, եթե այն նույնիսկ, ըստ Փաշինյանի, հիասթափված է իր իշխանությունից։
«Իր բառապաշարին հիմա ավելացել է այն, թե տեսեք, տեսեք՝ «սամասուդ» չի արվել, և իր այս նյարդային ելույթներում որոշակի անվստահություն է սկսել նկատվել։ Անթույլատրելի է նման ոճով խոսել, և երբ խոսում ես այդ ոճով, պետք է հաշվի առնես, որ կլինեն քաղաքական և այլ ուժեր, որոնք նույն ոճով կարող են պատասխանել։ Սովորաբար այդ պատասխանները երբեք չեն ուշացել։ Սա վտանգավոր է, և այդ ատելություն մթնոլորտ կոչվածը հենց այստեղից է գալիս։ Տհաճ է, երբ լրատվամիջոցներին այդպիսի գնահատական է տալիս մարդ, որն իր ողջ գիտակից կյանքում զբաղվել է լրագրությամբ։ Հայաստանը փոքր երկիր է, և ինֆորմացիան այնքան թափանցիկ է, որ թե լրագրողական, թե քաղաքական աշխարհում բոլորը բոլորին գիտեն և գաղտնիք չկա, և եթե դու մեկին ինչ-որ բանում մեղադրում ես, միանգամից հակադարձում են ոչ պակաս համոզիչ փաստերով», - եզրափակեց խոսքը Հակոբյանը: