22/04/2020 12:56
Փաստաթուղթ չկա բանակցային սեղանին, Լավրովը իր ընկալումն է հայտնել․ Ռուբեն Ռուբինյան
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ասում էր իրականությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառանալով երեկ ԼՂ համակարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը հաջորդած Մնացականյանի պատասխանին։
«ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր դիրքորոշումը կամ ընկալումն է հայտնել, ՀՀ ԱԳՆ-ն՝ այն իրողությունները, որոնք կան, ու մեր դիրքորոշումը դրա վերաբերյալ», - ասաց Ռուբինյանը։
Հարցին՝ տեսնո՞ւմ է ռուսական կողմից պարզաբանում պահանջելու անհրաժեշտություն, Ռուբինյանն ասաց․ «Կարծում եմ, որ եթե կարիք լինի, մեր հնարավոր գործողությունների տեսակը ԱԳՆ-ում կորոշվի»։
Ռուբինյանը չհամաձայնեց այն պնդման հետ, որ ՌԴ ԱԳՆ նման հայտարարությունը կարող է փաստել՝ ՌԴ-ն նման կերպ աջակցում է Ադրբեջանին։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հիմնականում բալանսավորված են իրենց դիրքորոշումներում։ Կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, թե ինչու է այս կամ այն հայտարարությունները հնչում», - ասաց նա՝ հավելելով․
«Փաստաթուղթ չկա բանակցային սեղանին, թե ինչ է քննարկվում, բազմիցս հայտարարվել է վարչապետի կողմից»։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ակտիվ քննարկվում են անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումները։
Խոսքը, նրա պնդմամբ, հակամարտության փուլային կարգավորման մասին է, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում:
Ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարը պնդել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով․ միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու։