22/04/2020 12:42
Ռուսական կողմն իր հայտը պետք հետ վերցնի, եթե ոչ՝ ՀԾԿՀ-ն պիտի մերժի այն․ Մարուքյանը՝ գազի գնի մասին
ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ և ՌԴ ռազմավարական գործընկեր, պիտի ունենա գազի համար հնարավորինս էժան գներ, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Գազի գնի բարձրացման վերաբերյալ ՌԴ հայտի հենց հաջորդ օրն եմ հայտարարել, որ պիտի մերժվի։ Նախ ելնելով նրանից, որ միջազգային շուկայում գազի գինը նվազել է և, այն, որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք։ Եթե մենք նույն գործընկերային հարթության մեջ ենք՝ խոսքը ԵԱՏՄ-ի մասին է, չենք կարող մեր գործընկերների նկատմամբ այն էլ ճգնաժամի պայմաններում նման մոտեցում դրսևորել։ Ռուսական կողմը իր հայտը պետք վերցրի տանի, եթե ոչ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պիտի մերժի այն», - ասաց Մարուքյանը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը Ռուսաստանին առաջարկել էր սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել էր Միլլերին։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը, խոսելով մատակարարվող գազի գնի մասին, հայտարարել էր, որ դաշնակցային հարաբերություններ պետք է դրսևորվեն բոլոր ոլորտներում։