22/04/2020 19:25
Ստեղծված իրավիճակում սա առավելագույնն է, ինչ կարողանում ենք անել. ինչպե՞ս են դպրոցական առօրյան կազմակերպում սահմանամերձ Աճարկուտի աշակերտները
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարտի 16-ից բոլոր ուսումնական հաստատությունների դռները փակ են: Սակայն դա չի նշանակում, որ ուսանողներն ու դպրոցականները պարապուրդի են մատնված. այս օրերին ավանդական ուսուցմանը փոխարինելու է եկել հեռահար (օնլայն) ուսուցումը:
Եթե դպրոց գնալիս աշակերտի պայուսակում առաջնահերթ անհրաժեշտություններ են գիրքն ու տետրը, ապա օնլայն դասընթացների ժամանակ ուսումնական պարտադիր բաղադրիչ են համակարգիչը կամ սմարթֆոնը, իսկ ուսուցչի հետ կապ հաստատելու համար թիվ մեկ պայմանն ինտերնետի առկայությունն է: Հատկապես սահմանամերձ գյուղերում ուսուցման այս տեսակն ապահովելն առավել բարդ է:
«Չենք բողոքում բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում ենք, որ երեխաները հետ չմնան ծրագրից», - Aysor.am-ի հետ զրույցում վստահեցնում է Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն, մասնագիտությամբ պատմաբան, նաև՝ շախմատի ու նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ Արտակ Վարդումյանն ու շարունակում.
«Արտակարգ դրության հենց սկզբից հեռահար դասընթացները նորմալ կազմակերպում ենք, ամեն ինչ իր հունով գնում է: Իհարկե, երեխաներ կան, որոնց մոտ այս եղանակով ավելի քիչ արդյունավետ է ստացվում, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում սա առավելագույնն է, ինչ կարողանում ենք անել: Փոքրիկ դժվարությունների առաջ, իհարկե, հայտնվում ենք. հատկապես հիմա, երբ բոլորը համացանցից օգտվում են, ինտերնետ կապն է թույլ, ու երեխաները երբեմն դասը պատմում են, նկարում, հետո ուղարկում ուսուցչին: Երեխաների հիմնական մասը ծնողների սմարթֆոններից է օգտվում: Հեռախոսներ կան, որոնք հզոր չեն, փոքր հիշողություն ունեն, նման դեպքերում հեռախոսազանգի օգնությանն ենք դիմում»:
Ուսուցիչներն ու աշակերտներն օնլայն ընդհանուր զրուցարաններ են ստեղծել, որպեսզի դասերը ոչ թե անհատական, այլ՝ ընդհանուր անցկացնեն: Հատկապես, որ աշակերտների թիվն առանձնապես մեծ չէ: Տեխնիկայի հետ կապված խնդիրների դեպքում էլ հեռահար օգնության է հասնում դպրոցի օպերատորը:
Աճարկուտի դպրոցն իննամյա կրթություն է ապահովում, ունի 7 ուսուցիչ և 9 աշակերտ: 1-ից 9-րդ ոչ բոլոր դասարաններն են, որ աշակերտ ունեն. 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարանցիներ դպրոցն այս տարի չունի: Տնօրենը փոքր-ինչ սրտնեղում է՝ 40 տնտեսություն ունեցող փոքրիկ գյուղի բնակիչների հիմնական մասը մեծահասակներ են:
Անդրադառնալով այս ամենի պատճառ դարձած չարիքին՝ կորոնավիրուսին, Արտակ Վարդումյանը նշում է՝ ճիշտ է, մարզկենտրոն Իջևանում մի քանի դեպք գրանցվել է, բայց իրենց գյուղն այդ ամենից զերծ է մնացել:
Ամեն դեպքում, գյուղի բնակիչները գյուղամեջում «իրար գլխի» չեն հավաքվում, պահպանում են սոցիալական հեռավորությունը:
Երեխաներն էլ դրսում խաղով տարված չեն, ծնողներն այդ հարցում բավական ուշադիր են: