22/04/2020 16:40
Արցախում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանա
Արցախի Հանրապետության նախագահի ապրիլի 12-ի՝ Արցախի ողջ տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագրով և դրա հիման վրա ընդունված Պարետի ապրիլի 13-ի որոշմամբ սահմանվել են հանրային (զանգվածային) միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ, որոնց շրջանակներում, ի թիվս այլոց, արգելվել են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառումները, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Հաշվի առնելով վերը նշված իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները՝ այս տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու:
Սույն հայտարարությամբ հորդորում ենք մեր համերկրացիներին առաջնորդվել արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով և զերծ մնալ ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող խմբերով գնալու մտադրությունից:
Ժամանակավոր սահմանափակումները նպատակ ունեն կանխելու վարակի հնարավոր տարածումը և նվազագույնին հասցնելու մեր քաղաքացիների առողջությունը վտանգող հնարավոր ռիսկերը: Բոլորին մաղթում ենք առողջություն»։