22/04/2020 18:43
Սա համավարակի հաղթահարման իմիտացիա ստեղծելու փորձ է․ Արման Բաբաջանյանը՝ գազի և էլեկտրաէներգիայի վճարումների մասին
Վերջին օրերին համավարակի՝ վտանգավոր ծավալներով ուժգնացում ունենք, թվերը գնալով ավելանում են, տանը մնալու անհրաժետությունը դեռևս շարունկում է կենսական անհրաժեշտություն լինել, ԱԺ-ում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Եթե համավարակի տեմպերը շարունակվեն վերջին օրերի դինամիկայով, մենք կարող ենք ունենալ կառավարելիությունից դուրս իրավիճակ՝ դրանից բխող հետևանքներով», - ասաց Բաբաջանյանը։
Նրա խոսքով՝ կոմունալ վճարների պարտադիր լինելու մասին հայտարարություններն իմիտացիա են այն բանի, թե ֆորսմաժորը հաղթահարված է։
«Բուն տեքստը, թե ֆորսմաժորը հաղթահարված է, ինքնին վտանգավոր է, դա ռիսկ է առաջացնում, որ մարդիկ կարող են ավելի հանգիստ նայել ստեղծված իրավիճակին և հաղթահարված համարել համավարակը։ Սա անթույլատրելի է, ես դատապարտում եմ կառավարության և նշված հանձնաժողովի հայտարարությունը։ Սա համավարակի հաղթահարման իմիտացիա ստեղծելու փորձ է», - ասաց Բաբաջանյանը։
Ավելի վաղ ՀԷՑ-ը և «Գազպրոմ Արմենիան» տարածել էին հաղորդագրություններ այն մասին, որ առաջիկա օրերին վճարումներ չկատարելու դեպքում կլինեն հոսանքազրկումներ և գազանջատումներ։