22/04/2020 14:58
Երեկ կատարվածի հետևանքով, մենք երկու շաբաթ հետո լուրջ թվեր կարող ենք ունենալ Վանաձորում․ Հովհաննես Իգիթյան
Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանն՝ անդրադառնալով երեկ Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում տեղի ունեցած միջադեպին, երբ աշխատակացիները փորձել էին մուտք գործել արտադրամաս ու աշխատել, իսկ ոստիկանները չէին թույլատրել՝ արտադրամի աշխատանքի թույլտվության բացակայության պատճառով։
«Այնտեղ մարդիկ կան, որ պետք է ստանան նպաստներ։ Դա կառավարության հարցն է, մենք պետք է հետևենք։ Գործարանը պիտի աշխատի, եթե կարող է աշխատել, բայց կատարվողն անընդունելի է։ Խոսքն այն մասին չէ, որ մարդիկ հավաքվել ըմբոստանում են, այլ այն, որ երեկ կատարվածից հետո՝ երկու շաբաթ անց, լուրջ թվեր կարող ենք ունենալ Վանաձորում, և վերահսկողությունից իրավիճակը կարող է դուրս գալ, դրանից հետո այստեղ խոսել գործարանների շահագործման, հարկերի, վարկերի մասին անիմաստ կլինի», - ասաց Իգիթյանը։
Ավելի վաղ արտադրամասի պահակակետից Aysor.am-ին հայտնել էին, որ առավոտյան աշխատակիցները եկել են ֆաբրիկա, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել աշխատել՝ ֆաբրիկայի աշխատելու թույլտվության բացակայության պատճառով։
Մի քանի քաղաքացի բերման էր ենթարկվել։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից հետո հագուստի արտադրությունը կբացվի, տեքստիլ արտադրությանը կթույլատրվի աշխատել։