22/04/2020 19:03
«Դուք չեք կարող աշխատել». դրա վերնագիրը մոտավորապես այդպիսին է․ Մարուքյանը՝ տեքստիլ արտադրությանն առաջադրվող պահանջների մասին
Տեքստիլ արտադրամասերի գործունեության վերաբերյալ այսօր կլինի պարետի համապատասխան որոշումը, խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարարությունում և առաջարկել, որ կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն արտադարամասերը, որոնք կդիմեն էկոնոմիկայի նախարարությանը, որովհետև կան տեքստիլի արտադրամսեր, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել։ Այս մասով ձեռք է բերվել համաձայնություն, այսօր կլինի պարետի որոշումը», - ասաց նա։
Ի պատասխան՝ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ արտադրողների առաջ այնպիսի պայմաններ են դրված, որոնք պահելով, անհնար է աշխատել։ Խոսքն, օրինակ, սոցիալական հեռավորության մասին է։
««Դուք չեք կարող աշխատել, դուք չպիտի աշխատեք». դրա վերնագիրը մոտավորապես այդպիսին է։ Նորմալ է, նման որոշում կա, բայց հարց է առաջանում՝ եթե չեն կարող աշխատել, էդ 2600 ընտանիքներին պետք է պետությունն աջակցի։ Ո՞վ է ասել, որ պետք է աշխատեն, եթե չի կարելի։ Բայց, որ պետությունը պիտի քայլեր ձեռնարկի, աջակցի այդ ընտանիքներին՝ միանշանակ է», - ասաց Մարուքյանը։
Ավելի վաղ Վանաձորի «Գլորիա» արտադրամասի պահակակետից Aysor.am-ին հայտնել էին, որ առավոտյան աշխատակիցները եկել են ֆաբրիկա, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել աշխատել՝ ֆաբրիկայի աշխատելու թույլտվության բացակայության պատճառով։
Մի քանի քաղաքացի բերման էր ենթարկվել։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից հետո հագուստի արտադրությունը կբացվի, տեքստիլ արտադրությանը կթույլատրվի աշխատել։