23/04/2020 17:04
Լավրովն իր մեկ նախադասությամբ ՀՀ իշխանության վերջին երկու տարվա թեզերը հօդս ցնդեցրեց. քաղտեխնոլոգ
Իհարկե, ՀՀ արտգարծնախարարությունը փորձեց հերքել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, սակայն այնպես հերքեց, որ դա ավելի շուտ չհերքել էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Հայկական արտաքին գերատեսչության հերքումից այդպես էլ չհասկացվեց՝ Ռուսաստանի արտգործնախարարը ճի՞շտ է ասում, թե՝ ոչ: Եթե նկատել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը, անգամ ոչ էական որևէ հարցի դեպքում նա իր ֆեյսբուքյան էջում անմիջապես ուղիղ եթեր է մտում և ժամերով խոսում տվյալ հարցի շուրւջ: Այսպես նա փորձում է ներկայացնել, որ այս կամ այն բանը ճիշտ չէ:
Բայց Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն այս պահի դրությամբ նման կարևոր թեմային հատուկ անդրադարձ չի կատարել: Իսկ սա արդեն մտածելու տեղիք է տալիս: Հնարավոր է՝ ՌԴ արտգործնախարարն այս ամենն ասում է ոչ միայն ճնշումներ գործադրելու համար, այլև, գուցե, իրականում ճիշտ է ասում: Չի բացառվում, որ Լավրովի ասածներն իրականությունից այդքան էլ հեռու չեն. հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանն անմիջապես կհերքեր դրանք:
ՀՀ վարչապետը պետք է որ արդեն հերքած լիներ ռուս բարձրաստիճան պաշտոնյայի՝ Ղարաբաղյան հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու մասին հայտարարութունը: Իսկ եթե հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, Նիկոլ Փաշինյանը պետք է բացատրություններ տա, որովհետև Լավրովն իր այդ մեկ նախադասությամբ հայկական կողմի վերջին երկու տարվա թեզերը հօդս ցնդեցրեց:
ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ բանակցություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունեցել. փաստորեն տեղի են ունեցել: Նշվել է, որ փաստաթուղթ չկա, բայց փաստորեն կա, բացի այդ՝ ՀՀ իշխանությունները հավաստիացրել են, որ ժողովրդից թաքուն ոչինչ չի արվել, սակայն պարզվում է՝ լավ էլ արվել է: Եվ մանավանդ հայտարարվում էր, որ հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակ չկա, Արցախը Հայաստան է և վերջ, սակայն պարզվում է՝ փուլային տարբերակ կա, որով պետք է ազատագրված ինչ-որ տարածքներ հանձնել: Այսինքն, Լավրովն իր մեկ նախադասությամբ ՀՀ իշխանությունների բոլոր 4 թեզերը հօդս ցնդեցրեց», - ամփոփեց քաղտեխնոլոգը: