23/04/2020 11:35
Վիրուսի տարածումը վերահսկելի է և եթե այսպես շարունակվի, կսկսենք տարբեր տնտեսական գործունեություններ բացելը. Տիգրան Ավինյան
Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ պարետատան որոշմանը:
«Մի շարք ոլորտներում տնտեսական գործունեությունը թույլատրվել է, որոշակի ոլորտներ են բացվել մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտներում: Ուզում եմ տեղեկացնել, որ որոշակիորեն փոփոխվել է տեղաշարժման սահմանափակումների մասով իրավիճակը, մասնավորապես, մարզային անցակետերը հանվել են, քանի որ փաստացի բոլոր մարզերում այսօր տարածվածություն ունենք և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ ուժեղ վերահսկողություն իրականացնելու կարիք կա: Ինչպես և խոստացել էինք, փուլային տարբերակով կամաց-կամաց գնում ենք դեպի բացում», - ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում:
«Այս համակարգն ամբողջապես տեղփոխվել է ԱԻՆ կառավարման կենտրոն: Այս փուլում, կարելի է ասել, վիրուսի տարածումը վերահսկելի է և, եթե այսպես շարունակվի, կսկսենք տարբեր տնտեսական գործունեություններ բացելը», - նշեց Տիգրան Ավինյանը: