23/04/2020 13:25
ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից պետք է հստակ գնահատականներ տրվեն՝ կամ Լավրովի հայտարարությունը հերքվի, կամ առաջարկը մերժվի. Սուրեն Սարգսյան
Ակնհայտ է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հակասում է Հայաստանի՝ վերջին երկու տարիների ընթացքում արտահայտած մտքերին ու դիրքորոշմանը: Այժմ փորձ է կատարվում ստիպել Հայաստանին գնալ որոշ քայլերի և առաջ մղել փուլային տարբերակը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնաով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը և դրան հետևած հայկական կողմի արձագանքին:
«Կարծում եմ՝ միջազգային հանրության կողմից կարող է Հայաստանի նկատմամբ որոշակի ճնշում լինել: Փաստը մնում է փաստ, որ հայկական կողմը երկու տարի շարունակ պնդել է, թե բանակցություններ չկան, սեղանին որևէ փաստաթուղթ դրված չէ և որ ժողովրդից թաքուն որևէ քայլ չի իրականացվել: Իսկ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունից բխում է, որ բանակցություններ եղել են, ըստ էության, կա փաստաթուղթ և այն փուլային բնույթի է, և բանակցային գործընթաց, այդուհանդերձ, եղել է», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ցայտնոտային վիճակը հնարավոր է կարգավորել միայն այն դեպքում, եթե ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից հստակ գնահատականներ տրվեն՝ կամ Լավրովի հայտարարությունը հերքվի, կամ առաջարկը մերժվի:
«Կարծում եմ՝ միայն այս դեպքում իրավիճակը կարող է հանդարտվել», - ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով կայացած Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսին՝ Սուրեն Սարգսյանը նկատեց, որ բոլոր այս հանդիպումներն ինքնանպատակ չեն, իսկ երկու երկրների արտգործնախարարների առցանց հանդիպումը կոնսուլտացիա էր, սակայն վստահաբար նախապատրաստում էր հաջորդող բանակցությունները:
«Երբ կորոնավիրուսային իրավիճակը մի փոքր նահանջի, կարող ենք ունենալ մեկ այլ միջավայր, որում կհասկականք՝ հայկական կողմը երկու տարի բանակցե՞լ է, թե ոչ, փուլային տարբերակ կա՞, թե չկա», - ասաց մեր զրուցակիցը: