23/04/2020 16:18
ՊԵԿ նախագահը համաձայն է՝ բանկային գաղտնիքի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի ասածի մեջ կա ճշմարտություն
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գնահատմամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ճիշտ է, երբ ասում է, որ կառավարությունը ոչնչացնում է բանկային գաղտնիքը, բոլորն իրենց գումարը հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց։
«Պարոն Մարուքյանի ասածի մեջ կա ճշմարտություն, մի փոքր չափազանցված է ազդեցությունը», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Անանյանը։
Նրա կարծիքով՝ գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների առումով որոշակի անելիքներ կան։
«Կարծում եմ, որ գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների առումով բանկային գաղտնիքը որոշակի բացելու հետ կապված պարտավորությունների շրջանակում մենք դեռևս անելիքներ ունենք: Այն, ինչ հայտարարել ենք և այն տեղեկատվությունը, որ տրվել է, խորհուրդ կտամ այսօր հետևեք լրատվությանը, մենք նոր հաղորդագրություն ենք տարածելու, որովհետև հնարավոր է, որ մեր հայտարարությունները տարընկալումներ են առաջացրել հանրության մոտ: Կարծում եմ նաև՝ պարոն Մարուքյանի մոտ կաորղ են որոշակի տարընկալումներ լինել», - ասաց ՊԵԿ նախագահը։
Հիշեցնենք՝ Էդմոն Մարուքյանն այսօր գրել էր.
«Առանց այն էլ հիմքերը խարխլած բանկային գաղտնիքի ինստիտուտը Հայաստանում ստանում է վերջնական մահացու հարվածը։ Այսօր հրապարակվել է նոր օրենսդրական նախագիծ, որով վերջնականապես ոչնչացվում է բանկային գաղտնիքը։ Համաձայն այդ նախագծի՝ բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին։ Նախկինում դա հնարավոր էր բացառապես դատարանի թույլտվությամբ»։