23/04/2020 19:59
ԵԱՏՄ երկրները համաձայնության չեն եկել գազի մատակարարման սակագնի շուրջ
Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում, որը տեղի է ունեցել ապրիլի 23-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, քննարկվել են մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծի վերջին չհամաձայնեցված հարցերը: Այս մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Երեք հարցի վերաբերյալ միջկառավարական խորհուրդն ընդունել է ապրիլի 20-ին և 22-ին ԵՏՀ խորհրդի անդամների կողմից մշակված ձևակերպումները: ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայում գազի մատակարարման սակագնի հարցը լուծվելու է միության պետությունների ղեկավարների մակարդակով:
«Կողմերը պայմանավորվել են երեք շատ հակասական, բարդ հարցերի շուրջ: Առաջինն ավտոմոբիլային միջազգային ճանապարհային փոխադրումների ազատականացումն է: Երկրորդը՝ տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային օգնության համար ճկուն մեխանիզմների մշակումը: Հարցերի երրորդ խումբն առողջապահության ոլորտում համագործակցության մասին է: Մի շարք դիտարկումներ են արվել նաև միության գազի ընդհանուր շուկայում գազի մատակարարման սակագնի ձևավորման վերաբերյալ: Ցավոք, ոչ մի համաձայնեցված որոշում կամ ձևակերպում չի մշակվել», - նշել է է ԵՏՀ Խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Միջկառավարական խորհրդի անդամները բարձրաձայնել են իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ, որից հետո որոշվել է այն ներկայացնել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին:
Նախատեսվում է, որ մայիսի 19-ին կայանալիք հաջորդ նիստում միության պետությունների ղեկավարները կհաստատեն մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել հուլիսին՝ Մինսկում: