23/04/2020 18:57
Էդմոն Մարուքյանը կոմունալ վճարների հարցով հանդիպել է ՀԾԿՀ նախագահին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հանդիպել է ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին և փոխանցել նրան քաղաքացիների մտահոգությունները՝ կապված այն հայտարարության հետ, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը համարվում է վերացած։
«Պարոն Բաղրամյանը տեղեկացրեց, որ այդ հայտարարության մեջ հանձնաժողովը տեղեկացրել է նաև, որ անկախ նրանից՝ երկրում ֆորս-մաժորային իրադրությունը համարվում է վերացած, թե ոչ, յուրաքանչյուր սպառող կարող է դիմել կոմունալ ծառայությունների մատակարարին՝ չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս-մաժորի ազդեցության հետևանք համարելու և մատուցվող ծառայությունները չդադարեցնելու համար։
Ընդ որում, պարոն Բաղրամյանի խոսքով, այդ գործընթացը գտնվելու է ՀԾԿ հանձնաժողովի վերահսկողության ներքո։
Այսպիսով, նրանք, ովքեր համաճարակի կամ արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով ի վիճակի չեն վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կարող են դիմել գազամատակարարման, էներգամատակարարման կամ այլ համապատասխան հանրային ծառայություններ մատուցող ընկերություն, իսկ մերժում ստանալու դեպքում՝ բողոք ներկայացնել ՀԾԿՀ՝ գրավոր կամ թեժ գծին (010)584529», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։