23/04/2020 16:39
ՊԵԿ-ն այս փուլում ձեռնպահ է մնում Բանկային և ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ օրինագծերի քննարկման հետագա ընթացքից
Պետական եկամուտների կոմիտեն, իր հսկողական գործառույթների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման ու տրամադրման, ինչպես նաև համալիր հարկային ստուգումների արդյունավետ և ամբողջական իրականացման նկատառումներից ելնելով, նախաձեռնել և հանրային քննարկման է ներկայացրել ««ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին», ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին»» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը, տեղեկացնում են ՊԵԿ-ից
«Խնդիրն այն է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հանդիսանալով օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման համար պատասխանատու կառույց, արհեստական խոչընդոտների պատճառով երբեմն զրկված է լինում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունից։
Հաշվի առնելով ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային արձագանքը, և նկատի ունենալով, որ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել նշված տեղեկությունների ստացման համար դատավարական այլ ընթացակարգեր սահմանելու միջոցով ՊԵԿ-ն այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից», - ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։