24/04/2020 13:48
«Ո՞վ եմ ես». «Անատոլիական պատմություն» հեռուստաֆիլմի սաունդթրեքը պատրաստ է, երգը կատարում է Խորեն Լևոնյանը (Տեսանյութ)
Առաջին ալիքն ապրիլի 24-ին հրապարակել է «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալի սաունդթրեքն ամբողջությամբ:
Երգը կոչվում է «Ո՞վ եմ ես», կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը:
Երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերի հեղինակը՝ Վարդան Զադոյանը:
«Անատոլիական պատմություն» հեռուստասերիալը նկարահանվել է արդի հայ արձակագիր Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն» գրքի հիման վրա: Վեպում նկարագրվում է հայատյաց թուրքի ապրումները, ով թուրքական բանակի սպա է եղել, ու հանկարծ 84 տարեկան հասակում հայտնաբերում է, որ իր ծնողները հայեր են եղել: Նրա կրտսեր որդու՝ Սուլեյման Ղազիի դերում հանդես է գալիս Խորեն Լևոնյանը: Վերջինիս կերպարը թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ է:
Ֆիլմը Հանրայինի եթերում է ապրիլի 6-ից: Բաղկացած է 16 մասից:
Գրական երկը սցենարի է վերածել Անահիտ Աղասարյանը: Ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը:
Գլխավոր դերում հանդես է գալիս ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը: Ֆիլմում նկարահանվել են Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Արաքսյա Մելիքյանը, Լուիզա Ղամբարյանը, Արթուր Մանուկյանը, Ներսես Ավետիսյանը, Մանե Մխոյանը, Արամ Կարախանյանը, Ռոզի Ավետիսովան, Արմեն Մարգարյանը, Արսեն Միքայելյանը, Արթուր Կարապետյանը և այլք: