24/04/2020 19:01
«Բարև, ես հայ եմ, և ես 3000 տարեկան եմ». Սարիկ Անդրեասյանի նոր նախագիծը՝ Հրանտ Թոխատյանի և Վլադիմիր Երյոմինի մատուցմամբ (Տեսանյութ)
«Բարև, ես հայ եմ, և ես 3000 տարեկան եմ». այս տողերով է սկսվում ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նոր նախագիծը, որը միտված է հայաճանաչությանն աշխարհում:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի համար ապրիլի 24-ը նշանակալի ամսաթիվ է: Սա մեր նախնիների հիշատակի ամսաթիվն է, որոնք ոչնչացվել են ուղիղ 105 տարի առաջ՝ Օսմանյան կայսրությունում: Ես և իմ թիմը ցանկանում ենք, որ այս այս կոչը պատշաճ տարածում ունենա և ուշադրության արժանանա ոչ միայն հայերի կողմից, այլև բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ ազգային կամ որևէ այլ հիմքով ցանկացած բնաջնջում հանցագործություն է մարդու և մարդկության դեմ», - ինստագրամի իր էջում տեսանյութին կից գրել է Սարիկ Անդրեասյանը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեսանյութը թարգմանել անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն, կարող են իրեն անհատական նամակ գրել:
Մտահղացման հեղինակն ու ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը: Ի սկզբանե, ռուսերեն և հայերեն տեքստերը կարդացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, այնուհետև, ռուսերեն տեքստը վստահվել է նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Երյոմինին:
«Սկզբից երկու տարբերակում էլ՝ թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն, ես եմ ձայնագրվել: Հետո որոշեցինք, որ ռուս հանրության համար լավ կլինի՝ առանց առոգանության, մաքուր ռուսերենով տարբերակ էլ լինի», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Հրանտ Թոխատյանը:
Տեսանյութն իրենց սոցիալական հարթակներում արդեն տարածել են աշխարհի ճանաչված բազմաթիվ հայեր: