25/04/2020 12:36
150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության արդյունքում 2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով
ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների և արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության արդյունքում գնահատվել է, որ 2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով, այս մասին ասված է ՀՀ 2020 թվականի պետբյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծում, որը խորհրդարանում կքննարկվի գալիք շաբաթ նախատեսվող արտահերթ նիստում։
Նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած բացասական գործոնների` պետական բյուջեի վրա ազդեցությունները գնահատվել են հետևյալ ուղղություններով`
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կրճատում: Պատմական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները նվազում են ավելի շատ քան ՀՆԱ-ն, հետևաբար տեղի է ունենում նաև հարկեր/ՀՆԱ-ի անկում: Նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած ներքին և արտաքին բացասական գործոնների ազդեցությամբ սպասվում է նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության նվազում:
Անվանական ՀՆԱ-ի կրճատման հետևանքով կնվազեն հարկային եկամուտները: 2020 թվականին անվանական ՀՆԱ-ն պետական բյուջեի հիմքում դրված ՀՆԱ-ի նկատմամբ կլինի ավելի ցածր: Հաշվի առնելով նաև հարկեր/ՀՆԱ-ի կրճատումը, 2020-ին սպասվում է հարկային եկամուտների զգալի նվազում:
Պետական բյուջեի պակասուրդի և պետական պարտքի աճ: Այս պարագայում, պետական բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսական աջակցության հավելյալ միջոցառումներն իրականացնելու համար կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման կարիք: Արդյունքում պետական բյուջեի պակասուրդը կաճի և անհրաժեշտություն կառաջանա ներգրավել նաև պետական պարտք ներքին և արտաքին աղբյուրներից:
Տնտեսական անկման պայմաններում, գնահատվել է, որ 2020 թվականիին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5.0 %-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:
Ծրագրով ՀՀ կառավարությունը նախատեսել է 150 մլրդ դրամ սոցիալ տնտեսական աջակցության փաթեթ հետևյալ հիմնական ուղղություններով`
- 25 մլրդ դրամ` ձեռնարկություններին աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ընթացիկ իրացվելիության խնդիրների լուծմանը,
- 25 մլրդ դրամ` սոցիալական աջակցության ծրագրեր,
- 80 մլրդ դրամ` տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր,
- 20 մլրդ դրամ` պահուստային միջոցներ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար: