25/04/2020 16:59
Համագործակցությունը ինքնանպատակ չէ, այն պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որտեղ առաջնայինը օրակարգն է. Իշխան Սաղաթելյան
Ակնհայտ է, որ իշխանությունների գործողությունների, հայտարարությունների և քայլերի արդյունքում այսօր հասարակությունը բաժանված է տարբեր շերտերի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Կա ընդհանուր ատելության մթնոլորտ, քաշված են բաժանարար գծեր, և այն հասարակական համերաշխությունը, որ ենթադրվում էր, որ պետք է լինի երկրում, ոչ միայն չկա, այլ դրա կողքին կա ատելության, թշնամանքի քարոզ և մթնոլորտ։ Դա վտանգավոր է ցանկացած երկրի համար», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարությունը, գործադիր իշխանությունը, որը պետք է ամենաշահագրգռվածը լինի երկրի ներքին կայունության, հասարակական համերաշխության համար, իր քայլերով ու գործողություններով դրան չի նպաստում։
«Ընդհակառակը, ավելի է լարում իրավիճակը», - ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։
Սաղաթելյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ «եկել է կոնկրետ որոշումների և մեծ միավորման ժամանակը, մեկնարկը տրված է» հայտարարությանը.
«Մենք գտնում ենք, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը պետք է միավորվի և համագործակցի ոչ թե կոչերով և հայտարարություններով, այլ կոնկրետ հարցերի շուրջ և հստակ օրակարգով, այսինքն եթե ընդդիմությունը՝ լինի դա խորհրդարանական թե արտախորհրդարանական, ունի նույնանման գնահատում ինչ-որ հարցի շուրջ, տվյալ դեպքում համագործակցությունը շատ բնական է: Հետևաբար, համագործակցությունը ինքնանպատակ չէ, այն պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որտեղ առաջնայինը օրակարգն է: Դաշնակցությունն ունի իր սեփական քաղաքական օրակարգը: Երբ խոսում ենք միավորումների, ընդդիմության համագործակցության անհրաժեշտության մասին, պետք է հասկանանք՝ ինչ հարցերի շուրջ և ինչ օրակարգով, դիրքորոշում հայտնելու համար դա անհրաժեշտություն է»։
Սաղաթելյանի խոսքով՝ մի շարք օրակարգեր կան, որտեղ կարող է ընդդիմությունը համագործակցաբար աշխատել։