27/04/2020 15:27
Այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները միայն մեկ քննություն կհանձնեն, այն կանցկացվի հուլիսին՝ անվտանգության պայմաններում
Այս տարի բուհի ընդունելության համար դիմորդները միայն մեկ առարկայից քննություն կհանձնեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մի քննություն ենք հանձնելու, առաջարկներ ենք ստացել բուհերից, քննարկում ենք ու մինչև ամսի 30-ը կասենք, թե որ մասնագիտությունից, որն է լինելու այդ միակ և հիմնական քննության առարկան։ Ինչո՞ւ սա արեցինք, որովհետև ցանկացանք, որ ոչ միայն ատեստատով ընդունելություն լինի, այլև քննությունով։ Քննությունը կանցկացվի անվտանգության պայմաններում, տեղաշարժի հարցերն էլ ենք լուծել։ Քննական կենտորնները լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ։ Սահմանափակ դիմորդներ կլինեն մեկ տարածքում՝ դիմակներով, ախտահանման միջոցներով և այլն», - ասաց նախարարը՝ նշելով, որ քննությունները հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում կկազմակերպվեն։
Նախարարը նշեց, որ դիմորդները կարող են հայտագրվել մայիսի 25-ից հունիսի 15-ը՝ ընտրելով քննական առարկան, բուհն ու մասնագիտությունները:
Հարությունյանն ընդգծեց՝ կվերադարձվեն բոլոր նրանց գումարներն, ովքեր մինչև մարտի 15-ն արդեն դիմել են ընդունելության քննությունների համար ու վճարում կատարել: