27/04/2020 17:23
«Իմ մասով էլ կա բացթողում». ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ներկայացրել ենք իրականությունը, որը եղել է, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն, ով 2016թ.-ին զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը:
«Տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին։ Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը։ Ներկայացրել ենք այն իրականությունը, որը եղել է ապրիլյան գործողությունների ընթացքում», - ասաց Մնացականյանը։
Հարցին՝ ի՞նչ բացթողումներ են եղել, կարո՞ղ էին դրանք ազդեցություն ունենալ պատերազմի ընթացքի վրա՝ Մնացականյանը պատասխանեց.
«Իհարկե՝ ոչ»։
Ճշտող հարցին, թե ի վերջո քանի՞ հետկար ենք կորցրել Ապրիլյան պատերազմի ընթացքում, քանի որ շահարկվում է 400-ից 800 հեկտարը, Մնացականյանն արձագանքեց.
«Մեր հաշվարկով՝ մինչև 400 հեկտար»։
Հարցին՝ ինքն անձամբ ունեցե՞լ է բացթողում՝ Մնացականյանը պատասխանեց.
«Իմ մասով էլ կա բացթողում»։
Ինչ բացթողման մասին է խոսքը՝ Մնացականյանը չմանրամասնեց, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց սպասել հանձնաժողվի աշխատանքների եզրակացությանը։
Քոչարյանն իր հերթին նշեց, որ հանձնաժողովը ստացել է անկեղծ պատասխաններ ու բարձր է գնահատում այսօրվա հանդիպումը։
«Մենք այսօր աշխատանքի վերջնական փուլում ունեցել ենք շատ կարևոր հանդիպում։ Ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, և մեր հանձնաժողովի անդամները կարող ենք հաստատել դա», - ասաց նա։