27/04/2020 14:00
ԱՄՆ-ի ափերին արձանագրվել է նավթային լցանավերի աննորմալ կուտակում
Արդեն մի քանի օր է, ինչ տասնյակ նավթային լցանավեր են կանգնած Կալիֆոռնիայի ափերի մոտ: Այս մասին հաղորդել են ԱՄՆ-ի առափնյա պահապանությունից:
Անցած շաբաթվանից ի վեր նոր նավեր են ժամանել ջրային տարածք: Ապրիլի 23-ի տվյալով՝ Լոնգ Բիչի նավահանգստում խարսխվել է 27 լցանավ: Նավահանգստային կարգավարները և զինվորականները վերահսկում են «եզակի իրավիճակը» և ապահովում այլ նավերի և շրջակա միջավայրի անվտանգությունը:
Ըստ The Wall Street Journal-ի՝ նավթային շուկայի խարխլման պատճառով ցամաքային պահեուստների համար տարածքների պակաս կա: Առևտրականներն այնտեղ հումք պահելու համար պետք է լցանավեր վարձեն: Նմանատիպ իրավիճակ է նկատվում նաև Մալթայի և Հարավային Աֆրիկայի ափերում:
Նավթի համաշխարհային պաշարները արագորեն լցվում են` կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով պահանջարկի անկման պատճառով: Անցած շաբաթ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է պահուստների ավելացման մասին՝ մինչև 518,6 միլիոն բարել: