27/04/2020 16:03
ՊԵԿ. Հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը 1,5 միլիոն դրամը չգերազանցելու դեպքում՝ նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ընդառաջելով հարկ վճարողներին, ՊԵԿ իրավաբանական վարչությունը մտադիր է չիրականացնել մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների գանձման՝ իր հայեցողական լիազորությունը։
Այսինքն, եթե հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը չի գերազանցի 1,5 միլիոն դրամը, ապա նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ: Մասնավորապես՝ դրանց գանձման վերաբերյալ հարկային մարմնում հարուցված վարչական վարույթների շրջանակում չեն կայացվի գանձման որոշումներ, ինչպես նաև չեն իրականացվի արգելադրման գործողություններ։
Հաշվի առնելով, որ ժամկետանց հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթները հարուցվում են էլեկտրոնային համակարգի միջոցով հարկ վճարողներին ուղարկվող ծանուցումներով (ծանուցումները հարկ վճարողներին ավտոմատ ուղարկվում են ժամկետանց հարկային պարտավորությունների առաջացումից հետո 4-րդ օրը), հայտնում ենք, որ դրանք ուղարկվելուց հետո հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը 1,5 միլիոն դրամը չգերազանցելու դեպքում գանձման որոշումներ չեն կայացվի և ծանուցումներն ուղարկվելուց հետո 30-օրյա ժամկետում ծանուցման հիման վրա հարուցված վարչական վարույթները կհամարվեն դադարած։
Այդ վարույթներով չգանձված պարտավորությունները կփոխանցվեն և կմիացվեն հաջորդ ժամանակաշրջանների պարտավորություններին և այն պահից, երբ դրանց հանրագումարը կգերազանցի 1,5 միլիոն դրամը, հարկային մարմնի կողմից հարուցված նոր վարչական վարույթների շրջանակում կկայացվեն այդ պարտավորությունների գանձման որոշումներ և դրանց հետագա ընթացքը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ուստի, հարկ վճարողներին հորդորում ենք նման ծանուցումներ ստանալու դեպքում դրանց որևէ կերպ չարձագանքել։
Կոմիտեն հայտնում է նաև, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման նկատմամբ փոփոխության մասին կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։