27/04/2020 15:39
300 միլիարդի պահոցը մեր սև օրվա գումարն է, իսկ սև օրերը դեռ առջևում են. տնտեսագետը՝ Էդմոն Մարուքյանի առաջարկի մասին
Էդմոն Մարուքյանի առաջարկը հասցեականաություն չունի, նա ուղղակի փորձում է պոպուլիստական խոստումներով և ելույթներով հանրության մոտ դրական սպասումներ առաջացնել: Այս պահին նման բան անելը ճիշտ չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ մայիսից 100 մլրդ դրամ նախատեսել, որի կեսից՝ 50 մլրդ դրամից, ամեն ընտանիքի 100 հազար դրամ վճարել, մնացած 50 միլիարդից հավելյալ թոշակ տալ 470 հազար թոշակառուի:
«Մենք մեր ազգաբնակչությանը պետք է պատրաստենք, որ այս տարի ունենալու ենք լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամ, և զուտ մեկ ամիս մարդկանց գումար տալով՝ այս տարվա խնդիրները չեն լուծվելու: Այս տարի նույնիսկ կարող են կասկածի տակ դրվեն պետբյուջեով նախատեսված մի շարք ծրագրեր: Մենք ուզում ենք արդեն մայիս ամսին մեր գումարները բաժանե՞լ, իսկ հաջորդ ամիսներին ի՞նչ ենք անելու: Ամեն ամիս հո չե՞նք կարող 100 միլիարդ գումար գտնել: 300 միլիարդի պահոցը մեր սև օրվա գումարն է, իսկ սև օրերը դեռ չեն եկել: Դրանք դեռ առջևում են, մենք նախատեսել ենք 142 միլիարդ դրամի լրացուցիչ վարկեր վերցնել: Մենք այս տարի հարկերի թերհավաքագրում ենք ունենալու, և գումարների մի մասը գնալու է թերհավաքգրված հարկերի փակմանը:
Այնպես որ, նման կարճաժամկետ և պոպուլիստական մոտեցումներով տնտեսությունն ուղղակի կարելի է քանդել: Խորհուրդ կտամ, որ պարոն Մարուքյանը ձեռնպահ մնա նման պոպուլիստական խոստումներից», - ասաց տնտեագետը:
Սուրեն Պարսյանի խոսքով՝ եթե, օրինակ, որևէ գյուղացու պետությունը 100 հազար դրամ օգնություն տրամադրի՝ իր տնտեսությունը զարգացնելու համար, առավել հավանական է, որ ստեղծված իրավիճակում նա ստացած գումարը ծախսի կենցաղային նպատակներով: Այդ է պատճառը, որ պետք է ավելի երկարաժամկետ ծրագրեր մշակել, մարդկանց ոչ թե ձուկ, այլ կարթ տալ:
«Սա է փիլիսոփայությունը: Եթե մեկ ամիս քաղաքացուն 100 հազար դրամ տանք, նա մեկ ամսում այդ գումարը կուտի-կվերջացնի, հետո՞: Ինչ վերաբերում է կենսաթոշակառուներին ևս գումարներ տրամադրելուն, ապա պետք է հիշել, որ տարեցները բնակվում են ընտանիքներում: Ստացվում է՝ մեկ ընտանիք կարող է ստանալ 200 հազար դրամ, իսկ միայնակ ապրող որևէ թոշակառու՝ 100 հազար», - նկատեց տնտեսագետը: