28/04/2020 12:04
Կառավարությունը 300 մլրդ դրամ ազատ մնացորդ չունի․ Ջանջուղազյանը՝ ԼՀԿ առաջարկի մասին
300 մլրդ ազատ մնացորդ չունենք, ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, թե եթե ընդդիմության պնդմամբ՝ 300 մլրդ դրամ ազատ միջոցներ կան, որոնց մի մասը կարող է տրամադրվել հանրությանը՝ որպես աջակցություն, ինչո՞ւ է առաջարկվում 150 մլրդ դրամի աջակցության ծրագրեր մշակել բյուջեի հաշվին։
«Ես վստահ չեմ, որ ինձ համար մինչև վերջ պարզ է, թե ինչ 300 մլրդ դրամի մասին է խոսքը, բայց կարող եմ ենթադրել, որ խոսքը գանձապետական միասնական հաշվի մնացորդի մասին է, ինչի հետ կապված անցյալ տարի, երբ համավարակը կանխատեսելի չէր, մենք անընդհատ քննադատության էինք արժանանում։ Եթե խոսքը դրան է վերաբերում, պիտի նշեմ, որ դրանք ազատ միջոցներ չեն, դրա հետ կապված պարզաբանում ներկայացվել է։
Գանձապետական միասնական հաշիվը, որը գանձապետական համակարգի ներդրմանը զուգահեռ 1996 թվականից սկսած պարբերաբար համախմբել է պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները, հենց դրա համար է նախատեսված, որ դրա միջոցով շրջանառվեն պետությանն ու համայնքներին պատկանող դրամական միջոցները, ինչը չի նշանակում, որ դրանք ազատ են ու կարող են ցանկացած պահի օգտագործվել ցանկացած ուղղությամբ», - ասաց Ջանջուղազյանը։
Երեկ ԼՀԿ-ն հանդես էր եկել առաջարկով՝ մայիսին 100 մլրդ դրամ նախատեսել աջակցությունների համար, որից 50 մլրդ դրամից ամեն ընտանիքի 100 հազար դրամ վճարել, մնացած 50 մլրդից հավելյալ թոշակ տալ 470 հազար թոշակառուի։