28/04/2020 17:45
Չե՞ք կարծում, որ տուգանքները պիտի հետ կանչվեն․ Մարուքյանը՝ փոխնախարարին (Տեսանյութ)
Պարետը նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավունք չուներ, բայց ընդունել է, խորհրդարանում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Այն, ինչ պարետը որոշել էր, օրինականացնում եք։ Պարետը նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավունք չուներ, բայց ընդունել է, հիմա դա օրինականացնում եք ու ասում եք՝ անցումային դրույթներով գործում է հետադարձ ուժով», - ասաց Մարուքյանը՝ դիմելով հարցով հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին։
Նա ընդգծեց, որ սահմանափակումներ մտցնելու հնարավորություն պարետը չուներ՝ կոչ անելով այս ընթացքում կազմված վարչական արձանագրությունները չեղարկել․
«Սահմանափակումների հիման վրա մոտ 10 հազարից ավելի մարդու վրա վարչական արձանագրություն է կազմվել և նրանք տուգանվել են։ Չե՞ք կարծում, որ էդ տուգանքները պիտի հետ կանչվեն, անվավեր ճանաչվեն, որովհետև, ըստ էության, դրա իրավական հենքը չի եղել, հիմա եք ստեղծում», - ասաց Մարուքյանը։
Փոխնախարարը նշեց, որ ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել։
«Սահմանադրությունը, միջազգային մեր փորձը նախատեսում են ակտեր ընդունելու հնարավորություն, մենք օրենսդրական կարգավորումներն ավելի հստակեցնում ենք», - ասաց նա՝ ավելացնելով, որ ազատ տեղաշարժի սահմանափակումը նախատեսված է կառավարության որոշմամբ, իսկ վարչական արձանագրություններն ու տուգանքները՝ վարչական իրավախախտումների մասին օրենքով, որը խորհրդարանն է ընդունել։
Մարուքյանն ի պատասխան արձագանքեց․
«Սահմափակման կանոնները պարետի կողմից են սահմանվել, այո, վարչապետն իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կան տուգանքի վերաբյալ հոդվածներ, բայց որ դեպքում պիտի կիրառվի դա, սահմանել է պարետը, որը նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն չուներ մինչև հիմա։ Եթե ուներ, ինչո՞ւ եք այս օրենքը բերել։ Դուք էլ գիտեք, որ չուներ», - ասաց նա։