28/04/2020 12:14
Եթե արտառոց բան չպատահի, առաջիկա տասը օրվա ընթացքում գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի. Նիկոլ Փաշինյան
Մենք պետք է կորոնավիրուսի պայմաններում ապրենք մեր բնականոն կյանքով, ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քայլ-քայլ պիտի գնանք այդ ճանապարհով, ու պարետը որոշում կստորագրի, որի արդյունքում հանվում է բնակության վայրից ոչ ավելի, քան մեկ կիլոմետր ֆիզիկական վարժությունններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը, այժմ ավելի թուլացվելու է ռեժիմը և թույլատրվելու է բնակության վայրին մոտ մեկ կիլոմետր հեռավորության տարածքում զբոսնել՝ պայմանով, որ ժամերը կսահմանի պարետը, եթե չեմ սխալվում՝ առավոտյան 10։00֊ից 12։00֊ը և երեկոյան 19։00֊ից 21։00֊ը», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշեց, որ պահպանվելու է տեղաշարժման թերթիկի պահանջը։
Վարչապետի խոսքով՝ գնալու են սահմանափակումների նվազեցման։
«Եթե արտառոց բան չպատահի, առաջիկա տասը օրվա ընթացքում գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի, մենք հիմա մտածում էինք, որ տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար Առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման որոշակի տրամաբանություն դնի», - նշեց նա։