28/04/2020 18:27
Եթե հիվանդացության դեպքերը չավելանան, Կիևում մայիսի 12-ից կթեթևացնեն կարանտինը
Կիևի իշխանությունները կսկսեն մեղմել կարանտինի սահմանափակումները մայիսի 12-ից, եթե կորոնավիրուսային վարակի դեպքերը կտրուկ չաճեն, հայտարարել է քաղաքի ղեկավար Վիտալի Կլիչկոն:
Առաջին փուլում քաղաքում թույլատրվելու է բացել ոչ պարենային խանութները՝ մինչև 300 քմ ընդհանուր մակերեսով: Դրանք կկարողանան 10 քառակուսի մետրի վրա ոչ ավելի քան մեկ այցելու ընդունել և ստիպված կլինեն տարածքը օրական երկու անգամ ախտահանել:
Նման պահանջներ կգործեն նաև ատելյեների և այլ ծառայությունների համար՝ կենցաղային, փաստաբանական և նոտարական, նաև՝ աուդիտորական գրասենյակների համար:
Գեղեցկության սրահներին և վարսահարդարներին թույլատրվելու է աշխատել նախնական գրանցմամբ՝ սպասարկելով ոչ ավելի, քան մեկ հաճախորդի, մեկ այցելության ժամանակ: Յուրաքանչյուր հաճախորդից հետո նրանք ստիպված կլինեն ախտահանել աշխատավայրը:
Սրճարաններն ու ռեստորանները կկարողանան աշխատել առաքման ծառայությունների միջոցով: Կարող են բացվել նաև կրպակներն ու ավտոկինոթատրոնները:
Այգիներ ու հրապարակներ կարելի է այցելել զույգերով և երեխաների հետ՝ պայմանով, որ խումբը կազմված կլինի ոչ ավելի, քան երկու մեծահասակից և երկու երեխայից:
Բոլոր հաստատությունների համար նախապայման կլինի ջերմաստիճանի չափումը, աշխատակիցների և այցելուների շրջանում դիմակի կրումը: Առանց դիմակի հաճախորդներին ձեռնարկությունը պարտավոր կլինի դիմակ տրամադրել:
«Սահմանափակումների մեղմացման առաջին փուլում դպրոցները, մանկապարտեզները, մարզադահլիճները, ափամերձ հանգստի գոտիները մնում են փակ», - ասել է Կլիչկոն:
Սահմանափակումները կպահպանվի նաև հասարակական տրանսպորտի համար: