28/04/2020 16:52
«Mezzo TV»-ն կհեռարձակի Արամ Խաչատրյանի Երկրորդ և Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիաները
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Mezzo TV»-ի բանակցությունների արդյունքում «Mezzo» հեռուստաընկերության եթերում կհեռարձակվեն մեր մեծ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի Երկրորդ և Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիաները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Սիմֆոնիաների կատարումները կհեռարձակվեն հունիս և հուլիս ամիսներին։ Յուրաքանչյուր ստեղծագործությունը կներկայացվի 10 անգամ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է‚ որ «Mezzo TV»-ի հետ նման համաձայնության հասել են ամիսների բանակցությունների արդյունքում‚ և այս նախաձեռնությունը հայկական երաժշտությունը միջազգային հարթակներում հանրայնացնելու իրենց առաքելության շրջանակում է։
Ըստ նրա՝ նվագախումբը կարևորում է համաշխարհային ճանաչում ունեցող հարթակների հետ գործակցությունը‚ քանի որ այդպիսով աշխարհին ներկայացվում են հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստները՝ մեր մշակույթը հասանելի դարձնելով ինչպես դասական երաժշտության սիրահարների լայն շրջանակի, այնպես էլ մասնագետներին, երաժշտական մենեջերներին։
Նշենք‚ որ «Mezzo»-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից է։ Ֆրանսիական «Mezzo»-ն հիմնադրվել է երաժշտասերների համար, ովքեր գնահատում են գեղեցիկը, հետաքրքրվում են երաժշտության պատմությամբ։
Այստեղ եթեր են հեռարձակվում հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգների ձայնագրություններ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ։