28/04/2020 14:06
Վարչապետին հորդորում եմ չվախեցնել ժողովրդին հների վերադարձով, մի փորձեք դա անել և օգտագործել հօգուտ ձեզ, ի վնաս՝ ժողովրդի. Միքայել Մարգարյան (Տեսանյութ)
Արտակարգ իրադրության պայմաններում թույլ չի տրվել աշխատանքային գործունեություն ծավալել, մնացել եմ առանց եկամուտի և չեմ կարողացել կոմունալ վճարները կատարել, դրա պատճառով իմ տան հոսանքն անջատել են, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացի, երգահան Միքայել Մարգարյանը։
«Օգտվել ենք աջակցության ծրագրերից, հատուցումը եղել է ընդամենը 10 հազար դրամ գումարի չափով։ Ընտանիքս մեծ է, կոմունալ ծախսերս էլ են մեծ։ Հոսանքը երեկվանից անջատած էր, այսօր առավոտյան վարչապետի ելույթից հետո միացավ։ Սակայն զանգահարել է գազի տեսուչը և ասել, որ առավոտյան հորդոր են ստացել անջատել բոլորինը։ Այսինքն, վարչապետի խոսքը չի ընկալվել գազի վերաբերյալ։ Դա շանտաժի լեզու է, որն անթույլատրել է։ Ես հորդորում եմ կառավարությանը չխոսել այդ լեզվով» , - ասաց Միքայել Մարգարյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդական շարժումով իշխանության եկած կառավարությունն այսօր իրավունք չունի սպառնալիքի լեզվով խոսելու։
«Ես մերժել եմ հին իշխանությանը, և այսօր վարչապետին հորդորում եմ չվախեցնել ժողովրդին հների վերադարձով, մի փորձեք դա անել և օգտագործել ի օգուտ ձեզ, ի վնաս՝ ժողովրդի։ Դա անթույլատրելի է», - ասաց Միքայել Մարգարյանը։