28/04/2020 18:02
Քաղաքացիների գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումն անջատելը որևէ կերպ արդարացված չէ. Թեհմինա Վարդանյան
Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումն անջատելը որևէ կերպ արդարացված չէ, չի էլ կարող լինել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն՝ անդրադառնալով այսօր կառավարության առջև բողոքի ցույց անող մի խումբ քաղաքացիների դժգոհություններին:
«Սա ուղղակի արդեն ծաղրի է նմանվում թե՛ կառավարության, թե՛ վարչապետի կողմից: Ի՞նչ է նշանակում մեկ ամսվա տարբերությամբ տարբեր հայտարարություններ անել: Երկրում իրավիճակը կարգավորվե՞լ է, մարդիկ աշխատո՞ւմ են: Այս պարագայում յուրաքանչյուր բողոք արդարացված է: Ժողովուրդն ուղղակիորեն հիասթափված է իշխանությունից և բառի բուն իմաստով հացի խնդիր ունի», - նշեց նա:
Թեհմինա Վարդանյանը շեշտեց՝ իրենց խմբակցությունը սոցիալական ծանր վիճակում գտնվող տարբեր քաղաքացիներից բազմաթիվ նամակներ է ստանում՝ ընդհուպ խնդրում են 1000 դրամ գումար տրամադրել, որպեսզի երեխայի համար սնունդ գնեն:
«Յուրաքանչյուրս մեր հնարավորության չափով փորձում ենք օգնել մեր ծանոթներին և նույնիսկ անծանոթներին, ինչ-որ ձևով օգտակար լինել: Բայց այսօր պարզ դարձավ, որ կառավարությունն իր տեղում չէ և ուղղակի ծաղրում է մարդկանց: Աջակցության պետական ծրագրերը ևս զավեշտի են նմանվում, որովհետև բոլորն արդեն հումոր են անում, որ «օգնությունները միայն կույս հղիներին են տրամադրվում»:
Կոնկրետ իմ մորաքրոջ աղջիկը, ով երեք մանկահասակ երեխա ունի, ոչ մի ծրագրից չի օգտվել՝ բացի անձին տրամադրվող 68 հազար դրամից, այսինքն՝ երեք երեխաներին զրո դրամ է հատկացվել: Մեկնաբանել են, որ ծնողներն աշխատանքից հեռացված չեն, այնինչ թեկուզ չեն հեռացվել, այս ընթացքում տանն են եղել, աշխատարարձ չեն ստացել», - ասաց Թեհմինա Վարդանյանը: