28/04/2020 11:11
Ծնողները կհետևեն դրսից` տեսակապի միջոցով. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում զորակոչից
Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ամառային զորակոչի թե նախապատրաստական փուլում, թե բուն զորակոչի ընթացքում կիրականացվեն COVID-19 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ մի շարք միջոցառումներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
- Զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։
- Անհարկի կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները իրենց ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ կներկայանան փոքր խմբերով։
- Օրվա ընթացքում պարբերաբար կախտահանվեն շենք-շինություններն ու փոխադրամիջոցները։
- Կավելացվի զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցների թիվը, ինչը թույլ կտա տեղափոխումը իրականացնել փոքր խմբերով։
- Քանի որ միշտ մարդաշատ է հատկապես կենտրոնական հավաքակայանը, զորակոչի ընթացքին ծնողները կհետևեն դրսից` տեսակապի միջոցով։
- Հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների և զորակոչը սպասարկող անձնակազմի միջև շփումը։
- Զորակոչիկները հավաքակայան կներկայանան ըստ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումների։
- Վիճակահանության համար կօգտագործվեն բաց տարածքները։
- Մայրաքաղաքին մոտ վայրերից հանրապետական հավաքակայան ժամանած զորակոչիկներն այդտեղ չեն գիշերի և գործընթացի ավարտից հետո կմեկնեն վիճակահանված զորամասեր։
- Ջերմություն ունեցող զորակոչիկները կմեկուսացվեն։
- Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն առանձնացված տեղամասում՝ զորամասի բուժանձնակազմի խիստ բժշկական մշտադիտարկման ներքո, ըստ անհրաժեշտության՝ նաև կթեստավորվեն։
- Զորամասում նորակոչիկների հետ աշխատող անձնակազմը ծառայությունը կիրականացնի զորանոցային ռեժիմով։
- Զորամասում նորակոչիկներին սնունդը կմատուցվի՝ խստորեն պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները։
Հ․Գ․ Զորակոչը կիրականացվի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը։
Զորակոչային նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն մայիսի 1-ից։