29/04/2020 18:11
Խնդիրները պետք է բացառապես իրավական ճանապարհով լուծել, ապօրինությունը մեկ այլ ապօինությամբ շտկելն էլի ապօրինություն է. Տնտեսագետը՝ Ucom-ի և «Շանգրի Լա»-ի մասին
Միանշանակ է, որ եթե օրենքի խախտումներով, որոշակի ապօրինությունների միջոցով է ունեցվածք կուտակվել, դրան պետք է իրավական գնահատական տրվի, ոչ թե քաղաքական, հատկապես, եթե մենք առաջնորդվում ենք այն գաղափարով, որ իրավական պետություն կառուցելու ճանապարհին ենք, Aysor.am-ի թղթակցի հեtտ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն՝ անդրադառնալով Ucom ընկերության, «Շանգրի լա»-ի նկատմամբ կատարվող գործողություններին, ինչպես նաև՝ «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրինագծերին։
«Թե՛ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը, որը թերևս այս փուլում չընդունվեց, բայց գուցե նորից շրանառության մեջ դրվի, թե՛ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը փաստացի ընդունվել է, մտահոգիչ են զուտ ներդրումային գրավչության, մեր երկրում տնտեսական միջավայրի տեսանկյունից, այն պարզ պատճառով, որ իրենց մեջ փաստացի իրավական կառուցակարգեր չեն ենթադրում։ Նույն «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում» ոչ թե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի արդյունքում է պարզվելու այդ մեղավորությունը և գույքի բռնագանձում կիրառվի, այլ նախաքննական մարմինները ինչ-որ լուրերի, տարբեր ցուցմունքների հիմա վրա կարող են այդ դատողությունն անել և համապասխան քայլեր ձեռնարկել», - ասաց տնտեսագետը։
Նա նշեց՝ սա, միանշանակ, իրավական ճանապարհ չէ ու այս ձևով տնտեսական խնդիրներն էլ ավելի են խորանալու.
«Թվում է, թե սոցիալական արդարություն ենք ուզում վերականգնել, բայց իրականում այդ խնդիրը չի լուծվում։ Ավելին՝ ներդրումային գրավչությունն է էապես տուժում, և փաստացի ստացվելու է, որ որևէ ներդրող որևէ երաշխիք չի ունենալու իր ձեռքբերումների և այլնի առումով»։
Համատեղ գործունեության տեսանկյունից ևս, ըստ Խաչատրյանի, որոշակի վտանգներ կան: Նրա խոսքով՝ այդ դեպքում արտասահմանյան գործընկերը կարող է միշտ մտավախություն ունենալ, որ այդ օրենքի հետևանքով կարող է խնդիրներ ունենալ.
«Անշուշտ, համաձայն եմ, որ եթե ապօրինի ճանապարհով է ինչ-որ խնդիր առաջացել, ապա դրանց պետք է իրավական գնահատական տրվի։ Եթե միջազգային փորձն ենք ուսումնասիրում, ապա տարբեր երկրներ այդ ճանապարհով փորձել են գնալ ու բոլորի պարագայում հիմքում դրվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, ոչ թե գործադիր իշխանության ինչ-որ օղակների, այդ թվում՝ նախաքննական մարմինների դատողությունները կամ տարբեր անձանց կողմից ներկայացվող ցուցմունքները»։
Տնտեսագետի կարծիքով՝ սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ չէ։
«Խնդիրներին պետք է բացառապես իրավական ճանապարհով լուծում տալ։ Այլապես, ապօրինությանը մեկ այլ ապօինությամբ շտկելն էլի ապօրինություն է», - նշեց նա։
Ինչ վերաբերում է խնդրի տնտեսական բաղադրիչին, Կառլեն Խաչատրյանն ասաց, թե այստեղ ավելի լուրջ խնդիրներ կան։
«Տարիներով խոսում ենք, որ մեր երկիր ներդրումների հոսքը էապես կրճատվել է, և երկու տարի ի վեր ենթադրում էինք, որ այս քաղաքական փոփոխությունները պետք է որ հանգեցնեն ներդրումների ավելացման, բայց կյանքն իրականում ապացուցեց, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունն այդքան էլ ներդրումների ծավալի վրա չի ազդում։ Դա շատ պարզ տնտեսական հիմնավորվածություն ունի. որևէ ներդրում չի գալիս կառավարության ղեկավարի, վարչապետի կամ այլ պաշտոնատար անձի հայտարարության հիման վրա։ Ներդրումը կատարվում է զուտ տնտեսական շահ, օգուտ ստանալու ակնկալիքով, և այստեղ էական է այն գործարար միջավայրը, որը կա տվյալ երկրում։ Ցանկացած ներդրողի համար շատ ավելի արժեքավոր է մեկ այլ գործարարի կարծիքը տվյալ երկրի տնտեսական վիճակի մասին, քան վարչապետի կամ այլ պաշտոնատար անձի հայտարարությունը»։