29/04/2020 14:53
2020 թվականին հարկային եկամուտները կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով․ բյուջեն կունենա 260 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորման կարիք
Խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Դեմ քվեարկեց ԼՀ խմբակցությունը։
Նախագծի համաձայն՝ կորոնավիրուսի տարածման զսպման հետևանքով կիրառվող սահմանափակումների և արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերին հակազդելու նպատակով առաջարկվում է կիրառել 150 մլրդ դրամի աջակցության փաթեթ, ինչի հետևանքով 2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով։
Աջակցության փաթեթից 25 մլրդ դրամ կուղղվի ձեռնարկություններին, 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության ծրագրերին, 80 մլրդ դրամ՝ տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերին, և 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ, անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:
Տնտեսական անկման պայմաններում գնահատվել է, որ 2020 թվականիին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ: