29/04/2020 14:40
Պետք է թույլատրվի կոմունալ վճարումները կատարել փուլային տարբերակով. ավագանու անդամ
Վերջերս կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը միմյանց շատ են հակասում. գործադիրի ղեկավարն ասում է, որ այս կամ այն ոլորտը վերահսկելի է, իսկ ոլորտի պատասխանատու նախարարը կես ժամվա տարբերությամբ հակառակն է հայտարարում: Նույնը անջատումների պարագայում է. վարչապետն ասում է, որ հոսանքազրկումներ և գազանջատումներ չեն լինելու, սակայն մի քանի օր անց անջատումներ, այնուամենայնիվ, լինում են, Aysor.am-ի թղթակց հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
«Այս անգամ էլ իր թիմի անդամին կամ իր ենթակային փրկելու համար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պատասխանատվությունը վերցրեց իր վրա: Եթե մարդիկ աշխատանք չունեն, չկան ֆինանսական աղբյուրներ, ինչո՞վ պետք է կոմունալ վճարումները կատարեն», - հարց հնչեցրեց ավագանու անդամը:
Անի Խաչատրյանը շեշտեց՝ Առողջապահության նախարարությունը պետք է պատշաճ պայմաններ ապահովի, որպեսզի քաղաքացիները կարողանան վերադառնալ աշխատանքային բնականոն ռեժիմի և գումար վստակել՝ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար:
«Եթե տոնավաճառի աշխատողը օրական 2-3 հազար դրամ էր ստանում, իսկ այսօր մոլերն ու մնացած խանութները փակ են, ինչպե՞ս պետք է այդ մարդը վճարի իր կոմունալ վճարները: Ես պատկերացնում եմ, որ ցանկացած քաղաքակիրթ երկրում ժողովրդի իշխանությունը ժողովրդին չպետք է դնի այսպիսի փաստի առաջ:
Իհարկե, ես չեմ ասում, որ կոմունալ վճարները պետք է զրոյացվեն, բայց գոնե մարդկանց պետք է թույլատրվի վճարումները կատարել փուլային տարբերակով: Այլապես արտակարգ դրույթունը պետք է չեղարկվի, և մարդիկ վաղն ևեթ դուրս գան աշխատանքի», - ասաց ավագանու անդամը: