29/04/2020 21:21
Սահմանամերձ համայնքներում նման պրոբլեմներ չէ, որ հաղթահարել ենք. Արտակարգ ռեժիմին սովոր Կոթին՝ հեռահար դասընթացների օրերին
Շուրջ երկու ամիս է՝ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններն անցել են հեռահար ուսուցման: Արտակարգ դրությունն ուսումնական արտակարգ ռեժիմ է պարտադրել նաև առանց այդ էլ մշտապես արտակարգ իրավիճակներում ապրող սահմանամերձ կոթեցիներին:
Aysor.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանն, ով մասնագիտությամբ պատմաբան է, տնօրենի աշխատանքին զուգահեռ էլ շախմատի դասեր է տալիս, տեղեկացրեց՝ ուսուցիչներն ու աշակերտները հիմնականում «Zoom» ծրագրի միջոցով են շփվում: 194 աշակերտ ու 27 ուսուցիչ ունեցող դպրոցից օնլայն դասընթացներին ներգրավված է դպրոցականների մեծ մասը, սակայն մի կողմից ինտերնետ հասանելիության խնդիր կա, մյուս կողմից՝ անհրաժեշտ տեխնիկայի:
«Այստեղ կապը կաբելային չէ, ինտերնետ կապ ունենալու համար պետք է հեռախոսն անընդհատ լիցքավորեն: Այդ պատճառով ոմանք ամսվա առաջին կեսին առավել ակտիվ են լինում, քան՝ երկրորդ: Մարդ կա՝ համակարգիչ, համապատասխան տեխնիկա ու հեռախոս չունի, մարդ էլ կա, որի հեռախոսի հզորությունը թույլ չի տալիս ծրագրեր ներբեռնել… Այնպես որ, խնդիրներ լինում են, բայց փորձում ենք հաղթահարել», - մանրամասնեց տնօրենը:
Գյուղում ընտանիքներ կան, որոնք 3-4 դպրոցականներ ունեն, բայց ստիպված են «յոլա գնալ» 1-2 հեռախոսով: Այնինչ, բոլորի դասաժամերը գրեթե նույնն են, միայն թե այս դեպքում առավոտյան 9:00-ի փոխարեն աշակերտների օրը սկսվում է ժամը 10:00-11:00-ին: Հարցին՝ տեխնիկային տիրապետելու առումով ուսուցիչների համար դժվարություն չի՞ առաջացնում համացանցի միջոցով ուսուցում ապահովելը, պատասխանեց.
«Նման խնդիր սկզբնական շրջանում էր առաջանում, քանի որ բոլորիս էլ անծանոթ էր այդ մեթոդը: Բայց աշխատում ենք չթերանանք, սահմանամերձ համայնքներում նմանատիպ պրոբլեմներ չէ, որ հաղթահարել ենք: Մեկս մյուսին օգնելով՝ սա էլ ենք հաղթահարում»:
Մուշեղ Սիրադեղյանը նկատում է՝ որքան էլ փորձում են ծրագրից հետ չմնալ, միևնույն է, երեխաները չեն կարող յուրացնել այն ամենն, ինչը պետք է յուրացնեին դասարաններում՝ դասաժամերին հատկացված 45-ական րոպեների ընթացքում: Մայիսի վերջից դպրոցներն ամառային արձակուրդ կգնան, մանկավարժներն էլ ծրագրեր կմշակեն՝ ինչպե՞ս բաց թողածը լրացնեն:
«Հիմա էլ ենք մենք երեխաներին գրավորներ հանձնարարում, բայց դա լիովին չի արտացոլում, թե նրանք ինչպես են յուրացրել առարկաները: Ես չեմ հավատում, որ այս երկու ամսվա ծրագիրը երեխաները կարողացել են յուրացնել այնպես, ինչպես դպրոցում կանեին: Երբ դպրոցները վերաբացվեն ու սկսենք գործնական աշխատանքները, կհասկանանք՝ դպրոցական առօրյան ինչպես կազմակերպել ու ծրագրից հետ չմնալ: Դա հնարավոր է», - նշեց նա:
12-րդ դասարանցիներից նրանք, ովքեր միասնական քննություն են հանձնելու ուսանողական աթոռին հասնելու նպատակով, պարապ չեն մնացել: Վերջիններս դպրոցի ուսուցիչների ուշադրության առանցքում են ու ինտենսիվորեն շարունակում են պարապմունքները:
Կոթի գյուղում մինչ այսօր կորոնավիրուսի վարակման դեպք չի գրանցվել: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ ճիշտ է զգուշավոր են, սակայն գյուղական համայնքներում ու պայմաններում այնքան էլ հեշտ չէ տանը նստած մնալ:
«Գյուղացին նաև պետք է աշխատի, որպեսզի կերակրի և՛ իրեն, և՛ քաղաքացուն: Բնականաբար, այգիներում աշխատում ենք, տներում նստած չենք: Բայց զգուշավոր ենք այնքանով, որ զերծ ենք մնում տարբեր առիթներով հյուր գնալուց: Երեխաներն էլ դուրս գալուց միայն իրենց բակերում են խաղում, ֆուտբոլային թիմեր չեն հավաքում ու դաշտ գնում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մուշեղ Սիրադեղյանը: