29/04/2020 12:18
Պարոն Մարուքյանի առաջարկը պոպուլիստական էր, հատուկ արված էր, որպեսզի այն մերժվի․ Միքայել Զոլյան
«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը պնդում է, որ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հասարակությանն աջակցություն տրամադրելու առաջարկներով հանդես է եկել՝ հստակ գիտակցելով, որ վերջիններս չեն ընդունվելու:
«Պարոն Մարուքյանի առաջարկը պոպուլիստական էր, շահարկում էր և հատուկ արված էր, որպեսզի այն մերժվի։ Պարոն Ջանջուղազյան, եթե դուք գայիք ասեիք՝ մենք ուզում ենք թոշակառուներին գումար տանք, պարոն Մարուքյանը բազմաթիվ փաստարկներ կբերեր, թե ինչու դա չի կարելի անել», - խորհրդարանում ասաց Զոլյանը։
Նրա խոսքով՝ եթե անգամ Մարուքյանի առաջարկները կյանքի կոչվեն ու մի քանի ամիս անց դրանց հետևանքով կոլապս առաջանա, ապա ԼՀԿ ղեկավարը համոզիչ փաստարկներ կբերեր, թե որն էր կառավարության մեղքը։
Պատգամավորը խնդրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հստակեցնել ևս մեկ անգամ՝ ինչո՞ւ այդ գումարը չի կարող օգտագործվել Մարուքյանի առաջարկը կյանքի կոչելու համար։
«Այստեղից ոչ մի անգամ չենք ասել, որ կա օժանդակության անհրաժետություն, և չկան դրա համար միջոցներ։ Հիմա գանձնապետական միասնական հաշվի մնացորդից է, ներգրավվող միջոցի հաշվին է, թե հարկային եկամուտների, կարծում եմ՝ սա քաղաքացուն չի հետաքրքրում, ավելի շատ մասնագիտական շրջանակներին է հետաքրքրում, թե այս միջոցառումները ինչ ազդեցություն կարող են ունենալ մակրոտնտեսական տեսանկյունից», - ասաց Ջանջուղազյանն՝ ընդգծելով, որ այլ տարբերակ, քան պարտքի ներգարվվումը, չկա։
ԼՀԿ-ն առաջարկել էր մայիս ամսվա համար 100 մլրդ դրամ նախատեսել ու 50 մլրդ դրամից ամեն ընտանիքի 100 հազար դրամ վճարել, մնացած 50 մլրդից հավելյալ թոշակ տալ 470 հազար թոշակառուի։