29/04/2020 15:37
Երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատանքից 2 ժամ ուշանալու դեպքում աշխատավարձը կվճարվի ամբողջությամբ. փոփոխություններ օրենքում
Ազգային ժողովն ամբողջությամբ հավանության արժանացրեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Սահմանվել է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունն, ինչպես նաև՝ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորությունը:
Առաջարկվում է, որ հեռավար եղանակով իրականացվող աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ճկուն, արագ արձագանքել հեռավար աշխատանքը կազմակերպելու անհրաժեշտությանը:
Փոփոխությունների արդյունքում գործատուն իրավունք չի ունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր իրավիճակով պայմանավորված չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներկայանում են աշխատանքի ավելի ուշ: Նախատեսվում է նաև, որ մինչև ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի՝ աշխատանքից երկու ժամ ուշանալու դեպքում, աշխատավարձը վճարել ամբողջությամբ, իսկ երկու ժամից ավելի ուշանալու դեպքում՝ վճարել փաստացի կատարած աշխատանքի համար: