29/04/2020 15:03
Արտակարգ դրության պայմաններում անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել գրավոր կարգադրության հիման վրա
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պարետի և պարետատան կարգավիճակը, պարետի կողմից ընդունվող ակտերի բնույթը:
Սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել ակտեր որպես համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված, այդ թվում նաև ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:
Անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված գրավոր կարգադրության հիման վրա:
Սահմանվել է սահմանափակման ենթակա անձի իրավունքը՝ տեղեկացված լինելու սահմանափակման պատճառների մասին և տեղեկացնելու իր իրավունքների սահմանափակման մասին նաև իր նախընտրած անձին՝ ազատությունը կսահմանափակվի գրավոր կարգադրության հիման վրա, իսկ եթե հանգամանքներից ելնելով հնարավոր չէ ապահովել տվյալ պահին գրավոր ձևակերպումը, ապա բանավոր կարգադրությամբ՝ պայմանով, որ անձի պահանջով մեկ աշխատանքային օրվա ընացքում այն ձևակերպվի գրավոր:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի անցումային դրույթներով հստակեցվել է, որ պարետը և պարետատունը կշարունակեն գործել նոր կարգավորումների տրամաբանությամբ, իսկ պարետի կողմից ընդունված ակտերը կշարունակեն գործել որպես փոխվարչապետի համապատասխան իրավական ակտեր: