29/04/2020 13:25
Կառավարությունը շատ քիչ միջոցներ է ծախսում կորոնավիրուսի սոցիալական հետևանքները վերացնելու համար. Դավիթ Խաժակյան
Քաղաքացիներն իրենց խաբված են զգում. արտակարգ դրության պայմաններում զրկված լինելով իրենց եկամուտից և չկարողանալով կատարել կոմունալ վճարումները՝ նրանք բախվում են հոսանքի և գազի անջատումների, մինչդեռ կառավարությունը նրանց պետք է աջակցության ձեռք մեկնի, Aysor.am-ի թղթակց հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության առջև բողոքի ցույց անող մի խումբ քաղաքացիների դժգոհություններին:
«Քաղաքացիները երկու տարի շարունակ լսել են, որ թալանը վերադարձել և շարունակաբար վերադարձվում է ժողովրդին, և պետությունը միջոցներ ունի: Մենք հիշում ենք, թե քանի անգամ է վարչապետն իր ելույթներում նշել, որ մենք փողի խնդիր չունենք: Հասկանալի է, որ ողջամտության սահմաններում: Սակայն այս իրավիճակում մարդիկ տեսնում են, որ կառավարությունը շատ քիչ միջոցներ է ծախսում կորոնավիրուսի սոցիալական հետևանքները վերացնելու համար: Նրանք հարցնում են՝ ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվում, ինչն արդարացի հարցադրում է», - ասաց մեր զրուցակիցը:
Դավիթ Խաժակյանի խոսքով՝ քաղաքացիներին չեն հետաքրքրում Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ուղիղ եթերում հնչեցրած բացատրությունները, թե ինչու է որոշվել որոշ բաժանորդների գազամատակարարումն ու էլեկրամատակարարումն, այնուամենայնիվ, դադարեցնել:
«Հավատացնում եմ՝ այդ դետալները որևէ մեկին չեն հետաքրքրում: Կառավարությունը պետք է լուծի առկա խնդիրները, որպեսզի մարդիկ անջատումների առջև չկանգնեն, ինչն արդեն իսկ տեղի է ունեցել», - ասաց ավագանու անդամը: