29/04/2020 18:39
Ջազի միջազգային օրն այս տարի կնշվի առցանց հարթակում
Ջազի հայկական ասոցիացիան 2019 թվականին Ջազի միջազգային օրը Երևանում տոնեց Հայաստանի ջազ կարատողների և կուբացի հանրահոչակ դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբայի մասնակցությամբ, իսկ այս տարի սիրված և սպասված տոնը կնշվի առցանց հարթակում՝ յուրօրինակ երաժշտական կատարումներով:
Ապրիլի 30-ին առցանց հարթակում կայանալիք համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան տրիոն, «Նոր կվինտետ»-ը, Ռաֆայել Պետրոսյան տրիոն, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, Արմեն Հյուսնունց կվարտետը, «Birds»-ը և Լևոն Մալխասյանը:
2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի համաձայն՝ 2012 թվականից ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր:
Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին՝ որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ: Այսօր էլ շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև՝ միավորելով ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:
Ջազն ազատություն խորհրդանշող երաժշտություն է, որը խոսում է հենց այդ լեզվով և առանձնահատուկ նշանակություն ունի մշակութային աշխարհի համար: