30/04/2020 15:10
ԱՀԿ-ն տվյալներ է հավաքում երեխաների մոտ արտասովոր հիվանդության զարգացման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ուսումնասիրում է երեխաների մոտ նոր հիվանդության բռնկումը, որը կարող է կապված լինել կորոնավիրուսային վարակի հետ: Այդ մասին հայտնում է «The Guardian»-ը:
Ամբողջ աշխարհում հայտնաբերվել է դեռևս անհայտ այդ հիվանդության մոտ հարյուր դեպք՝ ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում:
Բժիշկներն ամբողջ աշխարհում ասում են, որ երեխաները վերակենդանացման բաժանմունք են ընդունվել Կավասակի հիվանդության ախտանշաններով՝ արյունատար անոթների, սրտի և այլ օրգանների բորբոքումներ և ցնցումների համախտանիշ, որն արտահայտվում է մարսողական խանգարումների և տենդ տեսքով:
Բացի այդ, որոշ հիվանդ երեխաների մոտ կորոնավիրուսային թեստերը ցույց են տվել դրական արդյունք, այնուամենայնիվ, կան նաև հակառակ դեպքեր:
ԱՀԿ-ի բժիշկ Մարիա վան Քերհոուվն ամբողջ աշխարհի բժիշկներին խնդրել է պատրաստ լինել նման հիվանդության դեմ պայքարին: Նա ընդգծել է, որ հիվանդության վերաբերյալ տվյալները հավաքվելու և վերլուծվելու են ԱՀԿ-ի կողմից՝ բուժման ռազմավարություն մշակելու նպատակով: