30/04/2020 09:40
«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը հակված չէ կադրային ջարդ իրականացնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալման արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին, սակայն թե ինչ ձևաչափով և որտեղ, դեռևս որոշված չէ։ Իսկ մինչ այդ կառավարությունում, շունչները պահած, սպասում են, թե ով կմնա, ով կգնա։
Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Բակո Սահակյանի հետ ճանապարհ անցած Հարությունյանը հակված չէ կադրային ջարդ իրականացնել։ Եթե նրան չուղղորդեն պաշտոնական Երևանից, ապա գործող կառավարության կազմի կորիզը հաստատ կպահպանվի։ Այնուամենայնիվ, այս պահին հաստատ է, որ պաշտոնը կպահպանի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քանզի այդ պաշտոնում նշանակվում են ՀՀ իշխանությունների ընտրությամբ։
Ամենայն հավանականությամբ, կվերանշանակվի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որն Արայիկ Հարությունյանի գլխավորած կառավարությունում ժամանակին ֆինանսների նախարար է աշխատել։ Նորընտիր նախագահը հակված է պահել նաև ուժայինների ղեկավարներին։ Սակայն փոփոխություններից խուսափել հնարավոր չի լինելու, քանի որ Հարությունյանը քաղաքական կոնսուլտացիաներ է վարում քաղաքական ուժերի հետ և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նպատակներ ունի։ Երեկ Սամվել Բաբայանի գրասենյակը լուր տարածեց, որ «քաղաքական կոնսուլտացիաներ» են սկսվել Արայիկ Հարությունյանի և Բաբայանի միջև»: